Ողջամտության սահմանը ինչպես պետք է գծվի, որ լկտիության դեմն առնենք. Արծվիկ Մինասյան
Իրավունք
10:55 25/03/2025
Հայաստան

Ողջամտության սահմանը ինչպես պետք է գծվի, որ լկտիության դեմն առնենք. Արծվիկ Մինասյան

«Ձեր կոշտ սահմանափակող միջոցը, որով սահմանում եք, որ պահպանվող  անձն իր 3 պահնորդներով պետք է լինի մեկ ավտոմեքենայի մեջ, վիճահարույց է։ Պատկերացրեք, այդ մարդն իր ընտանիքով է գնում՝ էդ ինչպես պետք է մեկ ավտոմեքենայով ապահովվի նրանց անվտանգությունը»,- «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանին դիմեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հարցրեց, թե ողջամտության սահմանը ինչպես պետք է գծվի, որ մի կողմից պահպանվի հասարակական կարգը և «լկտիության դեմն առնեն», մյուս կողմից մարդու անվտանգության մտահոգությունը փարատվի։

Նշելով, որ նախագծով նաև սահմանափակում է դրված, որ վարորդն էլ պետք է լինի թիկնապահ՝ Մինասյանը հնարավոր համարեց, որ նման վարորդ չգտնվի, ապա այդ դեպքում ինչպես պետք է կարգավորվի հարցը։

ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանն արձագանքեց՝ ասելով, որ սահմանված երեք պահնորդն առավելագույն քանակն է և այն վերաբերում է մեկ պահպանվող անձին։

«Եթե ընտանիքի մասին է խոսքը գնում և նրա յուրաքանչյուր անդամ պահպանվող անձ է, ապա յուրաքանչյուրը կարող է ունենալ 3 պահնորդ և համապատասխան մեկ տրանսպորտային միջոց»,-պարզաբանեց փոխնախարարը։

 Արծվիկ Մինասյանը առաջարկեց խնդիրը լուծել, քանի որ պահպանվող անձը չի կարող իր անվտանգության մասին առանձին հոգալ, իսկ ընտանիքի անդեմներինը՝ առանձին և երբ ընտանիքով է ուղևորվում, չի կարող ընտանիքի ամեն մի անդամի համար առանձին մեքենա վերցնել՝ իր պահնորդներով։

 Պատգամավորն առաջարկեց, որ նաև նախատեսվեն իրավապահ մարմինների չարաշահումները կանխարգելող մեխանիզմներ։

«Քիչ չեն նաև դեպքերը, երբ ուղղակի իրավապահ մարմիններն են անցնում բոլոր սահմանները, սա էլ կա»,-հայտարարեց Մինասյանը։

Արմեն Մկրտչյանն առաջարկեց գրավոր առաջարկներ ներկայացնել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ողջամտության սահմանը ինչպես պետք է գծվի, որ լկտիության դեմն առնենք. Արծվիկ Մինասյան